Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին այսօր՝ մայիսի 15-ին, իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Նորվեգիայի Թագավորության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Լեյդուլվ Ատլե Նամտվեդտը (նստավայրը՝ Մոսկվա):

Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ նախագահը շնորհավորել եւ հաջողություններ է մաղթել պարոն Նամտվեդտին՝ Հայաստանում Նորվեգիայի արտակարգ եւ լիազոր դեսպանի առաքելությունը ստանձնելու կապակցությամբ: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ այդ բարձր առաքելությունը դեսպանն ստանձնում է հաստատուն հանձնառությամբ՝ անելու հնարավորը երկկողմ միջպետական կապերի եւ փոխգործակցության զարգացման ու ամրապնդման համար:

Զրուցակիցները երկուստեք կարեւորել են միջազգային կազմակերպությունների շրջանակներում արդյունավետ համագործակցությունը շարունակելու, ինչպես նաեւ միջխորհրդարանական մակարդակում երկկողմ հարաբերություններն ակտիվացնելու ուղղությամբ աշխատանքները: ՀՀ Նախագահը եւ Նորվեգիայի դեսպանը համակարծիք են եղել, որ անհրաժեշտություն կա համալրելու երկկողմ իրավական դաշտը, ինչը կարող է նոր հնարավորություններ ստեղծել տարբեր ոլորտներում ամուր գործընկերություն հաստատելու համար:

Նախագահը բարձր է գնահատել Նորվեգիայի կողմից Հայաստանին աջակցության եւ զարգացման ծրագրերը, այդ առումով առանձնացնելով հատկապես արդյունավետ փոխգործակցությունը էներգետիկայի եւ կադաստրի ոլորտներում:

Կողմերն անդրադարձել են նաեւ հումանիտար բնագավառում հայ-նորվեգական փոխհարաբերություններին: Հանրապետության Նախագահը եւ դեսպան Նամտվեդտը այդ համատեքստում մեծագույն հարգանքով են հիշել հայ ժողովրդի նորվեգացի մեծ բարեկամ՝ բեւեռախույզ, գիտնական, ականավոր հումանիստ Ֆրիտյոֆ Նանսենին եւ միսիոներ Բոդիլ Կատարինա Բյորնին, ովքեր նույնպես նախորդ դարասկզբին հայ ժողովրդին մեծագույն աջակցություն են ցուցաբերել: