Բանգլադեշի կենտրոնական շրջաններից մեկում` Մեգխնա գետի վրա 200 ուղեւոր տեղափոխող լաստանավ է խորտակվել:

Այս պահի դրությամբ վեց մարդու անկենդան մարմին է հայտնաբերվել, Daily Star-ին վկայակոչելով հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Նշվում է, որ այս երկրում նման միջադեպեր հաճախ են լինում, քանի որ ինչպես նավավարները, այնպես էլ ուղեւորները անվտանգության տարրական կանոններին չեն հետեւում: Մասնավորապես խոսքը բեռնվածության նորմայի գերազանցմանն է վերաբերում: Ամեն տարի նմանատիպ արտակարգ դեպքերի արդյունքում մի քանի հարյուր մարդ է զոհվում:

Երկրում տեղի ունեցած ամենախոշոր աղետը 2003թ. հուլիսի 8-ին է թվագրվում, երբ Պադմա, Մեգխնա եւ Դակատիա գետերի միախառնման գոտում «Nasreen 2» լաստանավն էր խորտակվել: Արդյունքում 800 ուղեւորներից 500-ը մահացել էին: Պատճառը նավի գերբեռնվածությունն էր: