Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչումը դրական կանդրադառնա ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար, Karabakh-open.info-ի հետ հարցազրույցում հայտարարել է ԼՂՀ արտգործնախարար Կարեն Միրզոյանը:

Ըստ նրա՝ դա թույլ կտա կենտրոնանալ  մեխանիզմներ եւ պայմաններ ստեղծելու վրա, որոնք անհրաժեշտ են ԽՍՀՄ փլուզումից հետո  ձեւավորված երկու անկախ պետությունների՝ Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի խաղաղ գոյակցության համար:  «ԼՂՀ-ի միջազգային ճանաչումը կապահովի խաղաղ գործընթացի անշրջելիությունը եւ պաշտոնական Բաքվի համար ուժի եւ ուժի սպառնալիքի կիրառման անթույլատրելիության ազդանշան կդառնա», - ընդգծել է ԼՂՀ-ի արտգործնախարարը:

Կարեն Միրզոյանը նշել է, որ վերջին տարիներին ԼՂՀ-ի միջազգային ճանաչման գործընթացում դրական միտում կա. տարբեր երկրների, նահանգների եւ մարզերի օրենսդիր մարմիններ ճանաչում են ԼՂ-ի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: ԼՂՀ-ի իշխանությունները մեծ նշանակություն են տալիս ղարաբաղյան եւ արտասահմանյան քաղաքների  ապակենտրոնացված համագործակցությանը: Մյուս կարեւոր ուղղությունը խորհրդարանական մակարդակով համագործակցությունն է:

«Ակնհայտ է, որ միջազգային հանրությունն ավելի ու ավելի մեծ համակրանք է տածում Արցախի ժողովրդի ազատության ձգտումների նկատմամբ եւ հանգում է համոզման, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն արժանի է դառնալ քաղաքակիրթ պետությունների լիարժեք անդամ», - ամփոփել է Կարեն Միրզոյանը: