Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկ) երիտասարդ դասախոսներին նախկինի պես սպառնում են ազատել աշխատանքից: Այս մասին նշված է Համալսարանի մամուլի քարտուղար Վերոնիկա Խորասանյանի նամակում՝ ուղղված ԱԺ գիտության եւ կրթության հանձնաժողովին:

Խորհրդարանի նիստում այս նամակը վկայակոչել էին ՀԱԿ խմաբցկությունից Գագիկ Ջհանգիրյանը եւ ՕԵԿ-ից՝ Հովհաննես Մարգարյանը:

Նամակում, մասնավորապես, ասվում է.

«Սույնով Ձեր ուշադրությունն եմ ակնկալում Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում (Պոլիտեխնիկ) տիրող անհասկանալի իրավիճակի վրա` հայցելով Ձեր գործուն միջամտությունը:

Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկ) Գիտական խորհուրդը դեռեւս 2013թ. դեկտեմբերին որոշում էր կայացրել հավելավճարի տեսքով փոխհատուցելու մոտ 400 երիտասարդ աշխատակիցների եւ գիտնականների պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին վճարվելիք գումարները, ինչի համար երիտասարդ պոլիտեխնիկցիները ժամանակին իրենց երախտիքի խոսքն են հայտնել:

Սակայն հասարակության ակտիվ զանգվածի, հատկապես, մասնավոր սեկտորի երիտասարդ աշխատակիցների ընդվզումներից եւ օրենքում պարտադիր բաղադրիչի կասեցման հարցում չորս խմբակցությունների անմիջական ներգրավվածությունից հետո, հիմնվելով ՀՀ սահմանադրական դատարանի՝ 2014թ. ապրիլի 2-ին կայացրած հայտնի ՍԴՈ-1142 որոշման 6-րդ կետի վրա, 1974թ.-ից հետո ծնված Պոլիտեխնիկի 100-ից ավելի աշխատակիցներ գրավոր դիմեցին ՀՊՃՀ ռեկտորի պաշտոնակատար պարոն Հովհաննես Թոքմաջյանին՝ խնդրելով առաջնորդվել բացառապես ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածով եւ ձեռնպահ մնալ իրենց աշխատավարձից կուտակային կենսաթոշակի պարտադիր վճարումներ հաշվարկելուց եւ փոխանցելուց:

Միառժամանակ Պոլիտեխնիկում դիմումների ընթացքի վերաբերյալ որեւէ արձագանք չկար՝ մինչեւ այն պահը, երբ News.am լրատվական պարբերականն ապրիլի 22-ին տպագրեց “Պոլիտեխնիկի աշխատողները ռեկտորի պաշտոնակատարից պահանջում են չգանձել 5% պարտադիր վճարը” վերտառությամբ հոդվածը:

Դրանից հետո գրոհ սկսվեց բուհի՝ հատկապես վարչական անձնակազմի մի շարք աշխատակիցների վրա, ովքեր գրավոր դիմել էին իրենց աշխատավարձից պահումներ չանելու համար:

Արդեն ապրիլի վերջին, երբ խորհրդարանում քննարկման էր ներկայացված ՀՀ կառավարության՝ կուտակայինին վերաբերող օրենքի նախագիծը, երբ փաստացի այլեւս ուժի մեջ չէր ՀՀ կրթության եւ գիտության նախարարի շրջաբերականը՝ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի մասին Հայաստանի կառավարության միասնական դիրքորոշման վերաբերյալ, ՀՊՃՀ ռեկտորի պաշտոնակատարը սպառնաց, որ կլուծարվեն աշխատանքային պայմանագրերը կամ կդիտարկվեն առաջիկայում համատեղ աշխատելու հնարավորությունները՝ Պոլիտեխնիկի եւ Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարանի միավորման համատեքստում:

Ես ներկայումս դեռեւս զբաղեցնում եմ ՀՊՃՀ Հասարակայնության հետ կապերի եւ տեղեկատվության բաժնի պետի պաշտոնը եւ դիմումատուներից մեկն եմ: Արդյունքում, հաշվի չառնելով այդ պաշտոնում 7 տարվա իմ աշխատանքային ստաժը, այդ տարիների ընթացքում պարտաճանաչ աշխատանքս (դրա մասին կարող են վկայել իմ գործընկերները, անմիջական ղեկավարներն ու ենթակաները), անգամ այն փաստարկներս, որ դիմումով հանդես գալն իմ սահմանադրական իրավունքն է եւ որեւէ կերպ չի կարող անդրադառնալ իմ աշխատանքային պարտականությունների կատարման որակի վրա, ՀՊՃՀ նորընծա ղեկավարը փորձեց ինձ հետ «հաշվեհարդար» տեսնել: Այս պահին կառուցվածքային փոփոխությունների անվան տակ՝ ինձ առաջարկվում է իմ իսկ ղեկավարած, այժմ՝ անվանափոխված բաժնի ավագ տեսուչի հաստիքը՝ աշխատավարձի էական նվազմամբ: Եվ այս ամենն այն պատճառով, որ համարձակվել եմ դիմում գրել, ավելին՝ դիմումս իր պահանջով ետ չվերցնել:

Առավել քան վստահ եմ, որ ես ընդամենը նախադեպ եմ, եւ այսուհետ եւս փորձեր կարվեն կամայական վերաբերմունքով զսպել այն աշխատակիցներին, ովքեր որեւէ հարցում ղեկավարության կարծիքին հակառակ հակափաստարկ կներկայացնեն:

Հարգելի՛ հանձնաժողովականներ, նման ապօրինությունների արմատավորումը հատկապես մտավորականների եւ գիտնականների միջավայրում առավել քան անթույլատրելի է, եւ այս առիթով ակնկալում եմ Ձեր հատուկ ուշադրությունը եւ արձագանքը Հայաստանի ամենախոշոր տեխնիկական բուհում տիրող իրավիճակին»: