ԱՄՆ-ի մայրաքաղաքի ամենահայտնի խորհրդանիշերից Վաշինգթոնի Հուշահամալիրը բաց է 994 օրվա վերանորոգումից հետո, գրում է «The Telegraph»-ը:
170 մետր բարձրությամբ մարմարե սյունը կանգնեցվել է 19-րդ դարում ԱՄՆ-ի առաջին նախագահ Ջորջ Վաշինգթոնի պատվին, եւ առ այսօր տեսանելի կիլոմետրերի հեռավորության վրա. այն շարունակում է մնալ ամբողջությամբ քարից պատրաստված ամենաբարձր շինությունն աշխարհում: Հուշահամալիրի փակումից առաջ այն տարեկան այցելում էր ավելի քան 800 հազար մարդ: 2011թ.-ի օգոստոսին պատմական հուշարձանը վնասվեց 5,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժից, ավելի քան 150 ճեղքվածք առաջացավ, ուստի լուրջ վերանորոգման կարիք եղավ այն պահպանելու համար, հաղորդում է «Վոկրուգ սվետան»:
Ճեղքերի մեջ ամրացնող հատուկ նյութ են լցրել, գագաթին չժանգոտող պողպատից ամրակներ են ամրացրել, որպեսզի հնարավոր նոր երկրաշարժերը նման կործանարար հետեւանքներ չունենան շինության համար: Վերանորոգման ծախսերի կեսը հոգացել է գործարար Դեւիդ Ռուբինշտեյնը:




























