Լեհաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկին համաձայն չէ այն կարծիքին, որ Եվրոպան հանուն էներգակիրների պատրաստ է աչք փակել Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների վրա: Հիշեցնենք, հարցը տրվել էր «հայկական լրտեսների» հերթական որսի ՝ Ռաուֆ Միրկադիրովի կալանքի, Լեյլա եւ Արիֆ Յունուսների հետ կապված իրադրության կապակցությամբ:
Մայիսի 16-ի մամուլի ասուլիսում դեսպանը հայտարարել է, որ ԵՄ-ն, ինքը եւ Բաքվի իր գործընկերը «աչք չեն փակում»: «Մեզ դա մտահոգում է: ԵՄ-ի դիրքորոշումը հստակ արտահայտվել է», - հայտնել է դիվանագետը՝ հավելելով, որ եթե հիշողությունը չի դավաճանում, Ֆրանսուա Օլանդը եւս տարածաշրջան այցի ընթացքում արտահայտվել է հարցի մասին:
Լրագրողների խնդրանքով մեկնաբանելով Ջեյմս Ուորլիքի վերջին հայտարարությունը՝ դեսպանը նշել է, որ Ուորլիքն ընդամենը ի մի է բերել նախորդ տարիների դեպքերն ու հայտարարությունները:
«Հնարավոր է՝ որպես ԵԱՀԿ ՄԽ անդամ նա ցանկանում է նոր ազդակ հաղորդել կարգավորմանը», - նկատել է դեսպանը՝ հավելելով, որ Էդվարդ Նալբանդյանը դրան համարժեք պատասխան է տվել կառուցողական երկխոսության պատրաստակամության մասին:




























