Արեւելյան գործընկերության նախաձեռնությունը չի մեռել: Կան երկրներ, որոնք ցանկանում են ընդունել այդ առաջարկները: Այդ մասին հայտարարել է Հայաստանում Լեհաստանի դեսպան Զդիսլավ Ռաչինսկին մայիսի 16-ին կայացած մամուլի ասուլիսում:

Լեհ դիվանագետը հիշեցրել է, որ Արեւելյան գործընկերության նախաձեռնությունը միտված էր ամրապնդելու ԵՄ կապերը արեւելյան հարեւանների հետ: «Անցյալում ԵՄ-ն նման ամբիցիոզ ծրագրեր չէր ներկայացնում: Դրա նպատակը Եվրոպայում աշխարհաքաղաքական փոփոխություններն են: Նախաձեռնության հիմնական նպատակն է գործընկերներին սերտ համագործակցության հրավիրել եւ խթանել ներքին արդիականացումը: Տարբեր երկրներ տարբեր կերպ են օգտվել այդ առաջարկներից՝ ելնելով իրենց շահերից եւ ԵՄ հետ համագործակցության տեսլականից»,- ասել է դեսպանը:

Նա հիշեցրել է, որ Ուկրաինան, Մոլդովան եւ Վրաստանը հայտարարել են համագործակցությունը շարունակելու մտադրության մասին: Ընդ որում, Ուկրաինան ստորագրել է առաջին մասը եւ պատրաստ է ստորագրել երկրորդ՝ տնտեսական մասը: «Յացենյուկի կառավարությունը հստակ ասում է այդ մասին: Պրակտիկայում համաձայնագրի մի մասն իրականացվել է, Ուկրաինան ավելի մեծ հնարավորություններ ունի արտահանելու Եվրոպա: Ըստ ամենայնի, հունիսին մոլդովան եւ Վրաստանը եւս կստորագրեն համաձայնագիրը»,- ասել է դեսպանը: