Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մայիսի 25-ին մայրաքաղաքի վարչական շրջաններում կմեկնարկի բակային տարածքների ասֆալտապատման 2014 թվականի ծրագիրը: Սակայն, հաշվի առնելով աշխատանքի ծավալները, որոշ վարչական շրջաններում այս գործընթացն արդեն մեկնարկել է, թեեւ տեղումների օրերին ճանապարհաշինարարները ստիպված են լինում անհրաժեշտ որակն ապահովելու նպատակով ժամանակավոր դադար տալ:
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, թե ասֆալտապատման ենթակա բակերի ընտրության հարցում հաշվի են առնվել համապատասխան մասնագետների նախնական ուսումնասիրության արդյունքները, վարչական շրջանների կողմից ըստ առաջնահերթության ներկայացված նորոգման ենթակա փողոցների ցանկը, ինչպես նաեւ երեւանցիների դիմում-խնդրանքները: Մինչեւ աշուն կասֆալտապատվեն 1000-ից ավելի բակեր ու միջբակային ճանապարհներ`385 հազար քմ մակերեսով:




























