Ռուսաստանը Ուկրաինայի եւ մասնավորապես` Ղրիմի միակցման շուրջ Արեւմուտքի հետ հակամարտության ֆոնին ազատվում է ԱՄՆ թողարկած պետական պարտատոմսերից, վկայում են կապիտալի միջազգային հոսքերի վիճակագրական տվյալները:

Ռուսաստանը 25,8 մլրդ ԱՄՆ դոլար ընդհանուր արժողությամբ ԱՄՆ պարտատոմսեր է մարման ներկայացրել` երկրի հանդեպ պարտավորությունների ծավալը հասցնելով100,4 մլրդ դոլարի, Pravda.ru-ի հաղորդմամբ, ասվում է Treasury International Capital-ի` մարտ ամսվա համար թողարկած զեկույցում:

Ռուսաստանն արդեն հինգերորդ անընդմեջ ամիսն է` ինչ ազատվում է իր տրամադրության տակ եղած ԱՄՆ պետական պարտատոմսերից: 2013թ. հոկտեմբեր ամսից մինչեւ 2014թ. մարտ ամիսը Ռուսաստանի հանդեպ ընդհանուր պարտավորությունների ծավալը 149,9 մլրդ ԱՄՆ դոլարից 100,4 մլրդ դոլարի է հասել:

Նշենք, որ ամերիկյան պարտավորությունների ամենաակտիվ գնորդներից մեկը շարունակում է Բելգիան մնալ, ում տրամադրության տակ 40,2 մլրդ դոլարի չափով ԱՄՆ պետական պարտատոմսեր կան: Այնուամենայնիվ, այդ առումով բացարձակ առաջատարները Չինաստանն ու Ճապոնիան են համարվում: