Google ընկերությունը, ի կատարումն Եվրոպական դատարանի որոշման, մտադիր է առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում գործիք ստեղծել` նշանակալի անձնական տվյալների հեռացումն ապահովելու նպատակով, հաղորդում է Ինտերֆաքսը:

Ինտերնետ-հսկայի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ դատարանի որոշման իրականացումը դժվար է լինելու, թեկուզ եթե միայն լեզուների բազմազանությունը հաշվի առնելու լինենք:

Ընկերությունը ներկայացված պահանջներն իրականացնելու գործնական միջոց գտնելուն պես այդ մասին անմիջապես տեղյակ կպահի օգտատերերին:

Հիշեցնենք` մայիսի 13-ին Եվրոպական դատարանը որոշել էր, որ Google-ը ոչ միայն տարածք է տրամադրում քոնթենթի տեղակայման համար, այլ նաեւ` վերահսկում այդ տվյալները, ուստի եւ պարտավոր է հավատարիմ մնալ անձնական տվյալների պաշտպանության մասին օրենքին եւ օգտատիրոջ պահանջի դեպքում` ջնջել վերջինիս մասին անձնական բնույթի տեղեկատվություն պարունակող բոլոր հղումները, նույնիսկ եթե այդ տեղեկատվությունը օրինական ճանապարհով է տեղադրվել: