Ամեն տարի, մասնագիտական տեխնիկական կրթության բացակայության պատճառով, 3-5 հազար երեխա աղքատության է մատնվում: Այս մասին «Կրթության մասին» օրենքի փոփոխությունների նախագծի խորհրդարանական քննարկման ժամանակ հայտարարել է Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Օրինագծով առաջարկվում է պարտադիր անվճար դպրոցական կրթության տեւողությունը 9-ից (տարրական կրթություն) լիարժեք միջնակարգ` 12 տարի դարձնել:

«Մեզ մրցունակ եւ բոլորին հասանելի կրթական համակարգ է հարկավոր: Սոցիալապես անապահով ընտանիքների երեխաները կարող են միջնակարգ մասնագիտական կրթություն ստանալ, այսինքն` մասնագիտություն ձեռք բերել», - ընդգծել է նախարարը:

Աշոտյանը նաեւ նշել է, որ այսօր ընդհանուր կրթական համակարգին երեխաների 92,1 տոկոսն է ներգրավված, մինչ ավագ դպրոցներում մասնակցության ցուցանիշն արդեն 82,9 տոկոս է: