Արցախի շրջաններում մայիսի 14-ից  հայտարարվել է բաց դռների օր, եւ  «Էրեբունի» Բ/Կ-ի թվով 11 բժիշկ-մասնագետ՝ հիվանդանոցի տնօրենի տեղակալ Տիգրան Խուդավերդյանի գլխավորությամբ, բժշկական խորհրդատվություններ են իրականացնում: NEWS.am-ին ԼՂՀ  Առողջապահության նախարարության լրատվական ծառայությունից  հայտնեցին, որ ԼՂՀ առողջապահության նախարարության կողմից կազմակերպվող «Բաց դռների օր» միջոցառման շրջանակներում շրջկենտրոնների բուժմիավորումներում քիթ-կոկորդ-ականջաբանը, սրտաբանը, ռեւմատոլոգը, վնասվածքաբանը, ուրոլոգը, էնդոկրինոլոգը, նյարդաբանը, վիրաբույժը, գինեկոլոգը, ալերգոլոգը, ինչպես նաեւ սոնոգրաֆիստը իրականացնում են խորհրդատվություններ: Երեւանից ժամանած բժիշկների հետ բժշկական հաստատություններում է առողջապահության փոխնախարար Կարեն Ղուկասյանը: Բնակչությանը բուժօգնություն է ցուցաբերում նաեւ շարժական դիագնոստիկ կենտրոնը: Մայիսի 14-ին Մարտակերտում բժիշկներն ընդունել են 461 հիվանդի, որոնցից 37-ը նաեւ ուլտրաձայնային հետազոտության է ենթարկվել: 110 հիվանդ ֆլյուրոգրաֆիկ հետազոտություն է անցել, 70 հիվանդ էլ լաբորատոր քննության են ենթարկվել շարժական էքսպրես լաբորատորիայի միջոցով: Մայիսի 15-ին Ասկերանում խորհրդատվության է ենթարկվել 452 հիվանդ, այդ թվում 69 սոնոգրաֆիա, 103 ֆլյուրոգրաֆիա, 70 լաբորատոր քննություն: Եկող շաբաթվա ընթացքում նախատեսվում են այցեր Շուշի, Բերդձոր, Հադրութ: Հետազոտված հիվանդներն անհրաժեշտության դեպքում ուղեգրվում են Ստեփանակերտի հանրապետական հիվանդանոց: Հերթագրման եւ ընդունելության գործընթացը շարունակվում է: