Գավառի մանկատնից արդեն երկու անգամ փախուստի դիմած 14-ամյա Արեւշատ Զախարյանին այլեւս այդ մանկատուն չեն տանելու: Այս մասին NEWS.am-ին ասաց մանկատան տնօրեն Նիկոլայ Նալբանդյանը:
«Ցանկանում է եղբոր հետ ապրել, դրա համար էր դիմել փախուստի, իսկ գտնելուց հետո ինչպես գիտեք, տեղափոխել են «ՀՕՖ» երեխաների աջակցության կենտրոն: Դեռ մի քանի ամիս մնալու է այնտեղ, որից հետո հնարավոր է տեղափոխեն Երեւանում գտնվող որեւէ մանկատուն, քանի որ երեխան ցանկանում է եղբորը մոտ գտնվել»,- ասաց նա:
14-ամյա երեխային գտել են Երեւանի Ջրվեժի թաղամասում գտնվող բենզալցակայանի մոտ՝ եղբոր հետ քայլելիս: Մեր տեղեկություններով՝ հենց իրենք են ոստիկաններին «մատնել» իրենց գտնվելու վայրը, քանի որ գումարը վերջացել էր, իսկ իրենք ապրելու տեղ չունեին: Բացի դրանից՝ երեխան եղբոր հետ երկու օր առաջ էր եկել Երեւան, մինչեւ այդ շրջել էին հանրապետության տարբեր քաղաքներում:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Գավառի մանկատան սան Արեւշատ Զախարյանը մայիսի 3-ին նորից դիմել է փախուստի: Մանկատան տնօրեն Նիկոլայ Նալբանդյանը NEWS.am-ի հետ զրույցում նշել էր. «Մայիսի երեքին ճաշից առաջ Արեւշատն ընկերներին ասաց, որ գնում է խանութ, գնաց ու երկար ժամանակ չկար, մենք էլ հասկացանք, որ դիմել է փախուստի, միանգամից ոստիկանություն դիմեցինք, սակայն դեռ չեն գտել»:




























