NEWS.am-ը զգալի կրճատումներով ներկայացնում է բրիտանացի տեսաբան Գրեգ Ֆորբսի հոդվածը, որը հրապարակվել է «openDemocracy» կայքում:

Անցյալ տարվա սեպտեմբերի սկզբին Հայաստանի քաղաքական գործիչները քննարկում էին երկու մրցակից տնտեսական բլոկների հարցը: Մի կողմից Եվրոպական միությունը, որի հետ Հայաստանն ավարտին հասցրեց հեռուն գնացող ասոցացման համաձայնագրի կնքումը, մյուս կողմից Ռուսաստանի գլխավորած Մաքսային միությունը, որը կողմորոշված է Եվրասիական միության առեւտրի վրա: Այն ժամանակ, երբ Հայաստանի աշխարհաքաղաքական կողմնորոշումը թվում էր կայունացած, քաղաքական գործիչները որոշեցին կտրուկ շեղվել Եվրոպական միությունից եւ հրաժարվել ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրից: Վերջին րոպեին Հայաստանը որոշեց բանակցություններ սկսել Մաքսային միության անդամակցության համար:

Թեեւ թվում էր, թե Հայաստանը որոշել է իր ճակատագիրը, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն առաջարկեց, որ Մաքսային միության անդամակցությունը չպետք է խանգարի Հայաստանին զուգահեռ տնտեսական հարաբերություններ ունենալ Եվրոպական միության հետ: Սա ենթադրում էր, որ չնայած նախկինում հնչած հայտարարություններին, Հայաստանը կարող է միաժամանական առեւտրական հարաբերություններ զարգացնել ե՛ւ ԵՄ, ե՛ւ ՄՄ հետ: Սակայն արդյո՞ք իրականում հնարավոր է սա:

Հայաստանի կտրուկ որոշումն անդամակցել Մաքսային միությանը հաճախ արեւմտյան փորձագետների հետ կապվում է Մոսկվայի ճնշման հետ: Ավելի հաճախ մտահոգվելով հարեւան Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների պատճառով՝ Ռուսաստանը հստակ իր դժգոհությունը հայտնեց Երեւանի ձգտման կապակցությամբ Բրյուսելի հետ Ասոցացման համաձայնագիր կնքել: Հայաստանը, որը էներգետիկ, տարածքային անվտանգության եւ առեւտրի հարցերում կախված է Ռուսաստանից, ստիպված էր զիջել:

Սակայն ինչպես նշում են որոշ ուսումնասիրողներ, կատարվածի պատկերը, հավանաբար, ավելի ընդարձակ է, քան իրականում թվում է: Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը կառավարում է պայքարող տնտեսությամբ երկրում, իսկ կառավարությունը 2013թ.-ի փետրվարյան ընտրություններից հետո բախվել է ներքին ընդդիմության հետ, ինչն էլ հանգեցրել է բողոքի ցույցերի, որոնք վիճարկում են նրա իշխանության լեգիտիմությունը: Երեւանի դիրքորոշումի կտրուկ փոփոխությունը կարող է պայմանավորված լինել Սարգսյանի կողմից քաղաքական խոցելիության, ինչպես նաեւ Ռուսաստանից Հայաստանի ունեցած ռազմավարական կախվածության հետ. Սարգսյանը ձգտում էր ամրապնդել իր դիրքերը Մոսկվային կարճաժամկետ տնտեսական շահերով եւ կանխել Ռուսաստանի կողմից ավելի ճկուն թեկնածուի հնարավոր զայրույթը:

Այսօր Հայաստանը համեմատաբար ավելի քիչ ստացավ տարածաշրջանային ինտեգրացման ռուսական  մեծ նախագծին միանալու դիմաց: Սա արտացոլում է խիստ թույլ դիրքերով, որոնց հիմքի վրա Հայաստանը պետք է բանակցություններ վարի իր հովանավորի հետ: Ռուս-հայկական հարաբերությունների համար հիմնական երեք աշխարհագրական խթան կա՝ Հայաստան ռուսական էներգակիրների ներմուծում, Հայաստանի քաղաքացիների համար ռուսական աշխատանքային շուկայի հասանելիությունը, Ռուսաստանի դերը որպես Հայաստանի անվտանգության երաշխավորող Ադրբեջանի ռեւանշիստական ձգտումների առաջ:

«Գազպրոմի» կողմից «ՀայՌուսգազարդի» ՀՀ կառավարության բաժնեմասը հարյուր տոկոսով կլանելը  (զուգահեռ նաեւ Հայաստանի ողջ գազատար համակարգը) մերձավոր արտասահմանում ազդեցության լծակների ձգտման, այսինքն՝ Մոսկվայի նախկին կայսերական ձեռնարկումների  մնացուկների խորհրդանիշն է։ Սա, ամենայն հավանականությամբ, ցույց է տալիս այն, ինչը Հայաստանը կարող է ակնկալել Մոսկվայի հետ հարաբերությունների խորացումից։ Հայաստանը հրաժարվեց էներգետիկ անկախ քաղաքականություն մշակել՝ բնական գազի առավել էժան մատակարարումների դիմաց։

Որքա՞ն դժվար կլինի այժմ Երեւանի համար միակողմանի կարգով չեղարկել այդ որոշումը։

Երկարաժամկետ  հեռանկարները աճուրդում վաճառվեցին, հնարավոր է՝ էժան գնով, հանուն կարճաժամկետ շահի։ Ռուսաստանն ակտիվորեն ձգտում է մեծացնել Հայաստանի կախվածությունը՝ Երեւանի ձեռքում ավելի ու ավելի քիչ քարտեր թողնելով։

Ինքնուրույն որոշումներ կայացնելու Հայաստանի կառավարության ունակությունը տարիների ընթացքում նվազում է, հավանաբար՝ ավելի շատ անբարենպաստ աշխարհագրության, քան Ռուսաստանի անդիմակայելի փորձերի պատճառով: Այնուամենայնիվ, Մաքսային միությունը կարող է անդառնալի կետ լինել Հայաստանի համար։