Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մայիսի 17-ին, ժամը 12.09-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Ալավերդի ավտոճանապարհին` Օձուն գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ավտովթար. «ՎԱԶ-2121» (Նիվա) մակնիշի ավտոմեքենան գլորվել է ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Մ-6» միջպետական ավտոճանապարհի Ալավերդի-Թումանյան հատվածի 10-րդ կմ-ում «ՎԱԶ-2121» մակնիշի 619 SL 01 համարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա.Կ. (ծնվ.1981թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից, մոտ 5 մետր սահել հարակից ձորը և արգելափակվել հանդիպակաց ծառերի մեջ:
Հրշեջ-փրկարարարների և քաղաքացիների ուժերով ավտոմեքենայից դուրս են բերվել վարորդը, ուղևորներ՝ 29-ամյա Վ. Ա.-ն, 5-ամյա Մ. և 2-ամյա Հ. Կ.-երը:
Տուժածներին «1-03» ծառայության աշխատակիցները տեղափոխել են Ալավերդի քաղաքի ԲԿ:
Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:




























