ԱՄՆ-ի Միսուրի նահանգի Բոն Թեր քաղաքում բանտարկյալ Ռասել Բաքլյուի մահապատիժն իրագործելու որոշում է կայացվել։ Նա դատապարտվել է իր նախկին ընկերուհուն բռնաբարելու եւ նրա ընկերոջը սպանելու համար։

Փաստաբանները մահապատժի գործընթացը նկարահանելու թույլտվության համար են դիմել, հայտնում է  AFP-ն։ Պատճառն այն է, որ դատապարտյալի մոտ հազվագյուտ հիվանդություն է ախտորոշվել, որը կարող է մահապատիժն իսկական մղձավանջի վերածել։

Եթե նման բան տեղի ունենա, ապա դա կդառնա ԱՄՆ Սահմանադրության ութերորդ փոփոխության խախտման ապացույց, որն արգելում է  դաժան պատիժները, փոխանցում է Russia Today-ը:

Ավելի վաղ Բաքլյուին զննել էր Էմորիի համալսարանի բժշկական դպրոցի պրոֆեսոր Ջոել Զիվոտը: Մահապատժի շուրջ վեճերն ԱՄՆ-ում  նոր թափով բռնկվել էին դատավճիռն անհաջող  իրագործելուց հետո: Սովորաբար, երբ դատապարտյալին մահացու ներարկում են կատարում, նա մահանում է 6 րոպե անց:  

Ապրիլի 29-ին Օկլահոմա նահանգի մի բանտարկյալ մահացել էր դանդաղ եւ ցավոտ մահով՝ մահացու ներարկումից հետո:   Ըստ ականատեսների՝ դատապարտյալը մահացել էր 43 րոպե եւ նույնիսկ ասել բժիշկներին, որ ինչ-որ բան այն չէ:  Այնուհետեւ նա սրտի կաթված էր ստացել: