«Վերնիսաժի» մոտ  այսօր՝ մայիսի 17-ին, տեղի ունեցած կրակոցներից վիրավորված 72-ամյա Մնացական Սուքիասյանի կինը ուշ է տեղեկացել դեպքի մասին եւ շտապել հիվանդանոց, հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը:

Բժիշկները նրան ասել են, որ Մնացականի վիրահատությունն ավարտվել է, բայց վիճակը ծանր է: «Վիրահատությունն ավարտվել է, հիվանդը շատ արյուն է կորցրել: Երակը վնասված է եղել, դեռ ծանր է վիճակը»,-լրագրողներին ասաց վիրավորի կինը՝ հավելելով, որ 72-ամյա տղամարդը նաեւ սրտի խնդիր ուներ, ինչն ավելի է բարդացրել վիրահատության ընթացքը:

Նշենք, որ այս պահի դրությամբ մեկ հոգի է մնացել, որի վիրահատությունը դեռ չեն ավարտել:

Ի դեպ, դեպքի վայրի ականատեսները նշել են, որ «Շտապօգնությունը» դեպքի վայր է հասել կես ժամ ուշացումով:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր՝ մայիսի 17-ին, ժամը 13:30-ի սահմաններում «Վերնիսաժի» մոտ հնչել են կրակոցներ, կան 5 վիրավորներ, որոնց տեղափոխել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Ականատեսները NEWS.am-ին հայտնել էին, որ վիրավորվածների մեջ կան նաեւ պատահական անցորդներ, իսկ մինչեւ կրակոցը լսել են վեճի ձայներ, որից հետո հնչել է 7-8 կրակոց:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին մասի և 258 հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով: Նշանակվել են մի շարք փորձաքննություններ:

Ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական և քննչական անհետաձգելի միջոցառումներ հանցագործություն կատարած անձին (անձանց) հայտնաբերելու ուղղությամբ:

Լուսանկարը՝  Արսեն  Սարգսյանի/NEWS.am