Վերնիսաժի մոտ այսօր՝ մայիսի տասնյոթին, հնչած կրակոցներից վիրավորված 26-ամյա Մյասնիկ Հայրապետյանի վիճակը ծանր է, դեռ չի կայունացել: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին իր աղբյուրները:
Մեր տեղեկություններով՝ Մյասնիկը վիրավորվել է գոտկատեղից, իսկ մինչեւ հիվանդանոց տեղափոխվելը մեծ քանակությամբ արյուն կորցրել: Այս պահին հիվանդի կայունացման մասին խոսք չկա:
NEWS.am-ի թղթակիցը թիվ մեկ համալսարանական հիվանդանոցից հայտնում է, որ վերակենդանացման բաժանմունքը հսկում են ոստիկանները, որոնք Վերնիսաժի մոտ վիրավորված քաղաքացիների հարազատներին թույլ չեն տալիս մտնել ներս:
Մեր տեղեկություններով՝ դեռ ոչ մեկը չի հարցաքննվել:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր՝ մայիսի 17-ին, ժամը 13:30-ի սահմաններում «Վերնիսաժի» մոտ հնչել են կրակոցներ, կան 5 վիրավորներ, որոնց տեղափոխել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Ականատեսները NEWS.am-ին հայտնել էին, որ վիրավորվածների մեջ կան նաեւ պատահական անցորդներ, իսկ մինչեւ կրակոցը լսել են վեճի ձայներ, որից հետո հնչել է 7-8 կրակոց:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին մասի և 258 հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով: Նշանակվել են մի շարք փորձաքննություններ:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























