ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հարգում են ժողովրդի իրավունքը՝ խաղաղ ձեւով ներկայացնելու իրենց պահանջները: Այդ մասին այսօր՝ մայիսի 18-ին լրագրողների հետ զրույցում ասել է ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը՝ մեկնաբանելով Քաշաթաղ  շրջանում իրենց դիմավորումը շրջանի բնակիչների կողմից:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, այդ թվում նորանշանակ ֆրանսիացի համանախագահ Պիեր Անդրեն հանդիպել են Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ: Հանդիպումից հետո ռուսաստանցի Իգոր Պոպովը հայտարարել է, թե չեն ցանկանում զրուցել րագրողների հետ, սակայն Ուորլիքը պատասխանել է մի քանի հարցի:

Լրագրողները Ուորլիքին հիշեցրել են երեկ Բերձորում տեղի ունեցած բողոքի ակցիան՝ նշելով, որ նույնպիսի ընդունելության կարող են արժանանալ Արցախի մյուս շրջաններում, ինչը նշանակում է, որ Արցախի ժողովուրդը  չի ընդունում համանախագահի վերջերս հռչակած ղարաբաղյան կարգավորման 6 կետերը։ «Մենք հարգում ենք ժողովրդի իրավունքը՝ խաղաղ ձեւով ներկայացնելու իրենց պահանջները։ Ինձ համար անակնկալ էր դա, այնուամենայնիվ ես մեքենայից դուրս եկա եւ ունեցանք շատ օգտակար զրույց մասնակիցների հետ»,-նշեց համանախագահը՝ ավելացնելով, որ շատ օգտակար է լսել տարբեր կարծիքներ։

Նա ընդգծել է, որ ամենավատ տարբերակը կլինի պատերազմական գործողությունների, հակամարտության վերսկսումը, բայց «պետք է աշխատենք բոլորս միասին, չնայած կարող է անհամաձայանություններ լինեն, ու փորձենք ինչ-որ ելք գտնել։ Ղարաբաղը չափազանց գեղեցիկ է եւ ես տպավորված էի՝ տեսնելով այդ երիտասարդ մարդկանց։ Բոլորիս պարտք է անել այնպես, որ այստեղ խաղաղություն լինի եւ նոր սերունդն ապրի խաղաղ պայմաններում»,- նշել է նա։

Խոսելով 6 կետերի մասին՝ ամերիկացի համանախագահն ասել է. «Ձեր հայտարարության մեջ նշված կետերի չիրագործման դեպքում կվերադառնանք ելման կետին, այսինքն նորից պատերազմ կսկսվի։ Ի՞նչ կասեք այս մասին։ Մեր հիմնական նպատակն այն է, որ ամբողջ՝ հարավկովկասյան տարածաշրջանում լինի երկարատեւ խաղաղություն եւ կայունություն, եւ մարդկանց համար ստեղծվեն բարեկեցիկ պայմաններ։  6 կետերը նորություն չեն, այդ մասին խոսել էին նաեւ նախկինում՝ համանախագահող երկրների նախագահները։ Իհարկե սա վերջնական տարբերակ չէ, դեռեւս պետք է քննարկենք, բայց դրանք կարող են հիմք ծառայել հետագա կարգավորմանը»: Ուորլիքը հավելել է, որ ճիշտ չէ ժողովրդից այդ ամենը թաքցնելը։ «ԼՂ ժողովուրդը իրավունք ունի եւ արժանի է, որպեսզի իմանա այդ ամենը եւ հայտնի իր համաձայնությունը կամ անհամաձայնությունը։ Եւ կարծում ենք՝ սա անկեղծ երկխոսության հիմքն է»։ 

Պատասխանելով միջազգային կառույցների կողմից ԼՂՀ անկախության չճանաչման վերաբերյալ հարցին՝ ամերիկացի համանախագահը նշել է. «Դրա համար ուզում ենք, որ հիմնախնդիրը կարգավորվի, բայց դա պետք է լինի համապարփակ։ Այնպես չէ, որ պետք է խոսենք 1-2 խնդիրների մասին եւ անտեսենք մնացածները։ Կարգավիճակի հարցը միայն կետերից մեկն է, բայց կան նաեւ այլ կետեր, եւ պետք է այնպես անել, որ բոլոր ուղղություններով հասնենք հաջողության։ Այս տեսանկյունից կարեւոր եմ համարում մի բան շեշտել, որ այս ամենը պարտադիր որոշում չէ: Մինսկի խումբը չի կարող պարտադրել որոշում, մենք այստեղ ենք, որպեսզի օգնենք ժողովուրդին, լսենք ձեր կարծիքը եւ հանդիպեն ոչ միայն դե ֆակտո իշխանությունների հետ, այլ նաեւ ժողովրդի հետ։ Անհամբեր սպասում եմ մյուս այցելություններին»,- ամփոփել է համանախագահը։

Ինչպես ավելի վաղ հայտնել է NEWS.am-ը, ԼՂՀ Քաշաթաղի շրջանի վարչական կենտրոն Բերձորի մատույցներում բնակիչները մայիսի 17-ին փակել էին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ջեյմս Ուորլիքի (ԱՄՆ), Ժակ Ֆորի (Ֆրանսիա) եւ Իգոր Պոպովի (Ռուսաստան) ճանապարհը, որոնք հերթական տարածաշրջանային այցն էին կատարել: Համանախագահները ստիպված են եղել դուրս գալ մեքենաներից եւ լսել բնակիչների պահանջները:

Ճանապարհը փակել է տեղի երիտասարդությունը՝ պաստառներով, որոնց վրա գրված է եղել. «Մենք ենք այս հողի տերը», «Հարգեք մեր իրավունքները, մենք մեր որոշումը կայացրել ենք դեռ 1991-ին», «Ոչ միջազգային ուժերի տեղակայմանը»: