Մայիսի 18-ին՝ ժամը 15.30-16.10-ի սահմաններում, Տավուշի մարզի Ճամբարակ-Դրախտիկ հանրապետական նշանակության ավտոճանապարհի 5-րդ կմ-ում տեղի է ունեցել 150-200 մետր բարձրությամբ սարի ամբողջական փլուզում:

Մեծ ժայռաբեկորները, որոնց ծավալը 250-280 խմ է, երկկողմանի փակել են ճանապարհը: Այս պահին եւս ճանապարհին շարունակվում են քարեր եւ ժայռաբեկորներ թափվել:

Դեպքի վայրում աշխատանքներ են կատարում Դիլիջանի «Հաղարծին» ՓԲԸ-ի ճանապարհաշինարարները:

Տեղի ունեցած փլուզման հետեւանքով տուժածներ չկան:

ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս չօգտվել նշված ճանապարհահատվածից:

ԱԻՆ-ից էլ հայտնում են, թե դեպքի վայր են մեկնել ՀՆՓԱԻԿ ինժեներասակրավորական խումբը` պայթեցնողներով, ՄՃԿԿ օպերատիվ խումբը եւ «Դիլիջան ՃՇՇ»-ի աշխատակիցները:

Քարաթափման վտանգը վերացնելու, ճանապարհահատվածը բացելու, այն երթեւեկության համար անվտանգ դարձնելու, պայթեցումներով ուղեկցվող բարդագույն աշխատանքները ղեկավարելու համար դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանը:

Ուղիղ հեռուստակապ է հաստատված սահմանազատված ճանապարհահատվածի եւ ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնի միջեւ:

Կատարվող աշխատանքները գտնվում են ՀՀ վարչապետ Հ. Աբրահամյանի ուշադրության կենտրոնում: