Փրկարար ծառայությունը մայիսի 18-ին, ժամը 17.29-ին ահազանգ է ստացել, որ Երեւան - Սեւան ավտոճանապարհի 42-րդ կմ-ում` Սոլակ գյուղի մոտ, տեղի է ունեցել վթար: 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ միջպետական Մ- 4 ավտոճանապարհի Երեւան - Սեւան հատվածում (43-րդ կմ) «Օպել Սապհիրա» մակնիշի 35 DL 468 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ գլորվել (մոտ 30մ) հարակից ձորակը:

Պատահարի հետեւանքով երկուսը Հրազդան քաղաքի ԲԿ-ում մահացել են, մեկի վիճակը ծանր է, իսկ մյուս 2-ը տեղափոխվել են «Սրբ. Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնը եւ ավտոմեքենան դուրս բերել ճանապարհի երթեւեկելի հատված: