Կոլումբիայում ավտոբուսի բռնկման հետեւանքով  30-ից ավելի երեխա է զոհվել: Ըստ ոստիկանության` ավտոբուսը երեխաների էր տեղափոխում, որոնցից շատերը 14 տարեկանից փոքր էին, նրանք վերադառնում էին մայրաքաղաք Բոգոտայից 750 կմ հեռու գտնվող Ֆունդասիոն քաղաքի եկեղեցական միջոցառումից, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:

40-50 երեխաների խմբին ավտոբուսում տեղափոխում էր ընդամենը մեկ վարորդ: Տասնյակ տուժած աշակերտներ բուժօգնություն են ստացել:

Դեռ հայտնի չէ հրդեհի պատճառը: Տեղի մամուլը հայտնում է, որ այդ ավտոբուսը մինչ այդ բենզինի ապօրինի վաճառքով էր զբաղվում: 

Կոլումբիայի նախագահ Խուան Մանուել Սանտոսը իր թվիթերում ցավակցություն է հայտնել զոհերի ընտանիքներին՝ ասելով, որ անսահման ցավ է զգում` որպես հայր եւ որպես կոլումբիացի: