Երեւանի բոլոր վարչական շրջաններից շուրջ 1000 ծնողներ հնարավորություն են ստացել այցելելու սահմանամերձ զորամասերում ծառայող իրենց որդիներին: Զորամասեր այցելած ծողների թիվն, ի դեպ, գերազանցել է նախորդ երկու այցելությունների ընդհանուր թիվը: Ինչպես նախորդ այցելությունների ժամանակ, այնպես էլ այս անգամ սահմանամերձ տարածքների զորամասեր մեկնող ծնողներին քաղաքապետ Տարոն Մարգարյանն անձամբ է ճանապարհել:
Բոլոր զորամասերում ծնողների համար հատուկ ընդունելություն էր կազմակերպվել՝ ավանդական աղ ու հացով, զինվորական նվագախմբով ու տողանով: Զորամասերից մեկում ծնողները նաեւ ծաղիկներ են խոնարհել Սպարապետ Վազգեն Սարգսյանի ու զոհված ազատամարտիկների հուշարձաններին: Ծառայության մեջ աչքի ընկած զինվորները հանդիսավոր պայմաններում պարգեւատրվել են Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհակալագրերով, իսկ որոշ սպաներ՝ Երեւանի քաղաքապետարանի զինանշանով ժամացույցներով: Բոլոր զորամասերին Երեւանի քաղաքապետարանի կողմից տրամադրվել է նաեւ անհրաժեշտ տեխնիկա:
Զինծառայողների ծնողները զորամասերում հնարավորություն են ստացել շրջել, ծանոթանալ իրենց զավակների ծառայության պայմաններին, եղել են նաեւ ճաշարաններում, ծանոթացել ճաշացանկին:
Կարեւորելով սոցիալական նշանակություն ունեցող այս նախաձեռնությունը՝ ինչպես զինծառայողների ծնողները, այնպես էլ իրենք՝ զինծառայողները, երախտագիտություն են հայտնել քաղաքապետ Տարոն Մարգարյանին`պարբերաբար ցուցաբերվող ուշադրության եւ վերաբերմունքի համար: Զինվորական հրամանատարությունն էլ իր հերթին, խիստ կարեւորելով քաղաքապետի նման նախաձեռնությունը, ընդգծել է, որ այս այցելությունները ոչ միայն սոցիալական, այլեւ բարոյահոգեբանական շատ կարեւոր նշանակություն ունեն նաեւ բանակ-հասարակություն կապի ամրապնդման, զինված ուժերի մարտունակության բարձրացման առումով:




























