Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանի կոչ խնդրանքով դիմել է Լոռիի, Սյունիքի, Կոտայքի, Արագածոտնի, Արմավիրի, Գեղարքունիքի մարզպետերին՝ խրախուսել այդ մարզերի դրպորցների երգչախմբերի սաներին:
Կոչում, մասնավորապես, ասվում է.
«Տարիներ շարունակ Մանկավարժական Համալսարանն ու Կրթության ազգային ինստիտուտը կազմակերպում են հանրակրթական դպրոցների երգչախմբային փառատոներ: Մանկավարժականի մշակույթի ֆակուլտետի դեկան պարոն Շեկունցն ու ռեկտոր պարոն Միրզախանյանը, ԿԱԻ-ի մասնագետներ Կարինե Ղազարյանն ու Գայանե Թադեւոսյանը, այս փառատոների միջոցով մեծապես նպաստում են մեր երեխաների գեղագիտական կրթության ոլորտում դպրոցների լավագույն փորձի փոխանակմանն ու փառատոնի փակման արարողությունը հնարավորինս բովանդակալի կազմակերպելուն:
Մայիսի 16-ին ՀՊՄՀ-ի նորակառույց շքեղ դահլիճում վերոնշյալ մարզերի եւ Երեւանից 18 դպրոցների երգչախմբերը ներկայացան Կոմիտասի 145-ամյակին նվիրված հանրակրթական դպրոցների երգչախմբային փառատոնի փակմանը: Էնտուզիաստ խմբավարները հիացրեցին իրենց նվիրյալ գործունեությամբ: Գիտենք, թե որքան ցածր է նրանց վարձատրությունը, բայց այս դպրոցների տնօրենների ու խմբավարների կամքը՝ մեր երեխաներին տալ գեղագիտական դաստիարակություն, արժանի է ջերմ խոսքերի ու խրախուսանքի:
Բոլոր խմբավարները շնորհակալագրեր ստացան Կրթության ազգային ինստիտուտի տնօրեն պարոն Ղուկասյանի ստորագրությամբ, ով նաեւ նվերներ է խոստացել բոլոր խմբավարներին:
Հարգելի մարզպետեր եւ Երեւանի քաղաքապետ, երգչախմբի երեխաներն էլ արժանի են խրախուսման, իրենց անունից խնդրում եմ գտնել այդ երեխաներին խրախուսելու միջոց, ձեր ձեռքը քարի տակ չի, նրանք շա՜տ արժանի են եւ դուք նրանց հատկացրած ձեր համեստ ուշադրությամբ կոգեւորեք երեխաներին, որպեսզի նրանք շարունակեն երգել ու ունենալ երջանիկ մանկություն:
Դուք կարո՛ղ եք երջանկացնել ձեր մարզի տվյալ դպրոցի երգչախմբի մասնակից երեխաներին: Ես նրանց խոստացա, որ հրապարակավ դիմելու եմ ձեզ:
Խոստումս նրանց շատ ոգեւորեց: Կրկին ու կրկին անգամ խնդրում եմ երեխաներին հուսախաբ չանեք, որովհետեւ վստահեցնում եմ ձեզ, որ երեխաների ոգեւորությունը կանցնի նաեւ ձեզ ու դուք նույնպես կերջանկանաք»:




























