Եթե Ուկրաինան գազի դիմաց կանխավճար չմուծի  հունիս ամսվա համար, ռուսական «Գազպրոմ» ընկերությունը ռուս-ուկրաինական սահման կհասցնի միայն այնքան վառելիք, որքան Կիեւը պետք է հատկացնի Եվրոպային: Այս մասին հայտարարել է «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերը:

«Կանխավճարը  կամավոր է. եթե ուզում ես գազ ստանալ՝ պետք է վճարել»,-ասել է Միլլերը «Ռոսիա-24» հեռուստաալիքի եթերում:

Հիշեցնենք, որ մայիսի 13-ին «Գազպրոմը» պաշտոնապես տեղեկացրել է «Նաֆտոգազ Ուկրաինա» ընկերությանը, որ անցնում են կանխավճարային համակարգի: «Գազպրոմը» մտադիր է սպասել կանխավճարին մինչեւ հունիսի 2-ը ներառյալ: Եթե մինչեւ հունիսի 3-ի առավոտ վճարումը չլինի, ՈՒկրաինայի գազամատակարարումը կդադարեցվի:

«Գազպրոմի» տվյալներով՝ Ուկրաինայի ընդհանուր պարտքը գազի դիմաց հասել է 3,5 մլրդ դոլարի: Օրերս ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինային զեղչ տրամադրել, եթե վերջինս փակի մինչեւ ապրիլի 1-ը կուտակված պարտքը (2,237 մլրդ դոլար):