«Ավան» հոգեկան առողջության կենտրոն»-ում մայիսի 5-ին մահացած Էդգար Շաթիրյանի գործով դատաբժշկական փորձաքննության արդյունքները դեռ չկան, սակայն քրեական գործ կա հարուցված: Այս մասին NEWS.am-ին ասաց Էդգարի քույրը՝ Սաթենիկ Շաթիրյանը:
«Գիտենք, որ քրեական գործ է հարուցվել, այս պահին քննություն է ընթանում, դատաբժշկական փորձաքննություն էր նշանակվել, սակայն արդյունքները դեռ չկան»,- ասաց նա:
Մեր հարցին՝ արդյոք առողջապահության նախարարությունից այցելել են մահացածի հարազատներին՝ Սաթենիկը պատասխանեց, որ չեն այցելել, որեւէ տեսակի օգնություն նույնպես չի եղել:
Նշենք, որ մայիսի 18-ին առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այցելել էր Ավանի հոգեբուժարան, որտեղ ծանոթացել է Էդգարի մահվան դեպքի մանրամասներին։ Նախարարը հանգամանալից անդրադարձել է անցած օրերի ընթացքում ծառայողական քննության արդյունքներին և հանձնարարել է քննությունն ավարտել հնարավորինս սեղմ ժամկետում։
Ավելի վաղ Սաթենիկ Շաթիրյանը NEWS.am-ին հայտնել էր, որ եղբայրը՝ 33-ամյա Էդգար Շաթիրյանը մահացել է բժիշկների պատճառով:
«Եղբայրս ալկոհոլի նկատմամբ սեր է ունեցել, խորհուրդ տվեցինք դիմել նարկոդիսպանսեր: Մայիսի 5-ին հարբած վիճակում եղբայրների հետ Էդգարը գնում է այնտեղ, սակայն գներն էնքան բարձր են եղել, որ մտածել է անվճար բուժվելու մասին ու գնացել Ավանի հոգեբուժարան: Հարբած մարդուն միանգամից Տիզերցին են ներարկել, որից էլ ուշքի չգալով՝ մահացել է եղբայրս: Բայց ո՞վ է տեսել, որ հարբած հիվանդին միանգամից նման դեղամիջոց ներարկեն: Էդգարին ուղեկցողներն ասել են, որ ինքը գլխի եւ սրտի պրոբլեմ ունի, բայց բժիշկները հաշվի չեն առել»,- ասել է նա:
Մինչդեռ NEWS.am-ի հետ զրույցում հիվանդանոցի տնօրեն Արմեն Սողոյանը հերքել էր այս ամենը: Նրա խոսքով՝ Էդգար Շաթիրյանը մահացել է սրտի խնդիրներից:




























