Հայաստանում կգործի ներառական առաջին պարային խումբը: Մայիսի 21-ին «Մխիթար Սեբաստացի» (Րաֆֆու 57) կրթահամալիրում տեղի կունենա Candoco ներառական պարային խմբի մասնագետների դասընթացը Բրիտանական խորհրդի «Պար` առանց սահմանների» ծրագրի շրջանակում:

Candoco պարային խումբը Միացյալ Թագավորությունում ներառական պարարվեստի ոլորտի առաջատարներից է եւ նրանց աջակցությամբ Հայաստանում կձեւավորվի առաջին ներառական պարային խումբը:

Միացյալ Թագավորությունում եւ աշխարհի տարբեր երկրներում հանդես գալով ներառական պարային բեմադրություններով`Candoco-ն ապացուցել է, որ պարը որեւէ մեկի մենաշնորհը չէ: Candoco-ի պարային բեմադրությունները կոտրում են մարդկային կարողությունների մասին պատկերացումները, վերացնում բոլոր կարծրատիպերը եւ արվեստի ուժի միջոցով ստիպում հավատալ մարդկային անսահման հնարավորություններին: Հենց նրանց փորձառությամբ եւ աջակցությամբ Հայաստանում կձեւավորվի հայկական առաջին ներառական պարային խումբը:

Մայիսի 11-ից 24-ը Հայաստան են այցելել Candoco ներառական պարային խմբի գեղարվեստական համաղեկավար Պեդրո Մաչադոն եւ պարուհի Վիկտորիա Մալինը`աշխատելու հայ մասնակիցների հետ:  Նրանք նախ հանդիպել են եւ դասընթացներ անցկացրել հայ դասընթացավարների հետ, իսկ այնուհետեւ սկսել են աշխատել այն մասնակիցների հետ, ովքեր ընդգրկվելու են առաջին ներառական պարային խմբում:

Բրիտանական խորհուրդը նախորդ տարի նախաձեռնեց «Պար` առանց սահմանների» ծրագիրը, որի նպատակն է Հայաստանում ձեւավորել պրոֆեսիոնալ պարային ներառական խումբ: Այդ նպատակով Միացյալ Թագավորությունում վերապատրաստում անցան չորս դասընթացավար: Այնուհետեւ` փետրվարից,  Հայաստանում սկսվեցին եռօրյա պարապմունքների շարքը, որոնցում ընդգրկվեցին 54 մասնակից: Ավարտին նրանցից ընտրվել են 20-ը, ովքեր էլ մասնակցել են Candoco պարային խմբի դասընթացներին: Հենց նրանցից էլ Candoco-ի եւ հայ մասնագետները կընտրեն այն տասը մասնակիցներին, ովքեր էլ կկազմեն առաջին պրոֆեսինալ ներառական պարային խումբը: Ներառական պարային խումբը գործելու է Փոքր թատրոնին կից:

«Պար` առանց սահմանների» ծրագրին աջակցում են ՀՀ Մշակույթի նախարարությունը, Երեւանում Բրիտանական դեսպանատունը, բրիտանահայ համայնքը, ԱՅԲ դպրոցը եւ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը:

Լուսանկարը` Ռոս Չեշիրի