Ռուսաստանցիների վճարունակությունը վարկերի մասով մայիսին հասել է վերջին երեք տարվա նվազագույնին, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը` վկայակոչելով «Սեկվոյա Կրեդիտ Կոնսոլիդեյշն» գործակալության տվյալները: Վճարումների ուշացումն աճել է 17 տոկոսով:
Համեմատության համար՝ 2013 թ. առաջին չորս ամիսներին ուշացումն ավելացել էր 14 տոկոսով, իսկ 2012 թ.` 4,3 տոկոսով:
Ուշացման այսպիսի արագ աճը գանձողները բացատրում են բնակչության իրական եկամուտների անկմամբ: Դա կապված է նաեւ գործազրկության եւ գնաճի հետ:
Միաժամանակ, վարկավորումների ծավալի աճը դանդաղում է: Տարվա սկզբից այն աճել էր 3,5 տոկոսով՝ մինչեւ 10,3 տրիլիոն ռուբլի, որը վերջին չորս տարիների նվազագույն ցուցանիշն է: 2013թ. հունվար-ապրիլ ամիսներին աճը կազմում էր 8,4 տոկոս:
Ավելի վաղ ԿԲ-ն հայտնել էր, որ մարտին չմարված վարկերի բաժինը կազմել է 13,3 տոկոս, որը վերջին տարիների ամենավատ ցուցանիշն է:



























