Վրաստանի Դարյալի լեռնանցքում սողանքի հետեւանքով զոհվել է մեկ մարդ, յոթ մարդ էլ անհետ կորել են, ասվում է մայիսի 19-ին հրապարակված Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլիի հայտարարությունում:
Վարչապետը ցավակցություն է հայտնել աղետի հետեւանքով զոհված Ուկրաինայի քաղաքացու ընտանիքին:
Վարչապետը նաեւ շնորհակալություն է հայտնել ռուսական կողմին` սողանքի հետեւանքները վերացնելու գործում օգնություն ցուցաբերելու առաջարկի համար, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Հիշեցնենք, որ մայիսի 17-ին Կազբեկի շրջանում սառույցի եւ լեռնային մեծ զանգվածի սողանքի հետեւանքով փակվել էր ՌԴ սահման տանող գլխավոր ավտոմայրուղի Ռազմավիրական ճանապարհի հատվածներից մեկը: Աղետի հետեւանքով շրջանում վնասվել է «Հյուսիս-Հարավ» գազատարի հատվածներից մեկը, որի հետեւանքով ընդհատվել է ՌԴ-ից Հայաստան գազի մատակարարումը: Անցած երկու օրերի ընթացքում վրացի փրկարարները աղետի գոտուց դուրս էին հանել 220 մարդու, որոնցից 30-ն օտարերկրացի են, նրանց շարքում 12-ը` Թուրքիայի քաղաքացի, ինչպես նաեւ զբոսաշրջիկներ Ուկրաինայից, Բելառուսից, Ղազախստանից եւ այլ երկրներից: Բոլոր փրկվածները փլուզման պահին Կենտրոնական ճանապարհին են եղել:




























