Պետք չի ողբերգություն սարքել կամ սենսացիաներ փնտրել ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանխագահ Ջեյմս Ուորլիքի հայտարարությունների պատճառով: Այս մասին, այսօր՝ մայիսի 19-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը:

Նրա խոսքով՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հստակ ասել է, որ համանախագահները ոչ մի նոր բան չեն ասել: «Իհարկե, այդ դիվանագետը ստացել է բոլոր համարժեք պատասխանները, ինչպես քաղաքացիական հասարակության, այնպես էլ ՀՀ պաշտոնատար անձանց կողմից»,-ընդգծել է Աճեմյանը՝ հավելելով նաեւ, որ շատ դեպքերում քաղաքական գործընթացների հետ կապված, կախված միջազգային ասպարեզներում մեր քվեարկություններից ու տեսակետներից, դիվանագետները անում են հայտարարություններ, որոնք մեզ բոլորովին դուր չեն գալիս:

Պատգամավորը հիշեցրել է, որ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հստակ ներկայացրել է իրենց դիրքորոշումը, որ ԼՂ ժողովուրդը ազատ ու անկախ է եւ հետ վերադարձ չի կարող լինել: «Այսինքն մենք պետք է առաջ նայենք, չպետք է քննարկենք տարածքների վերադարձի հարցը: Կարծում եմ, մենք այդ հարցում պետք է լինենք ադեկվատ ու համբերատար, քանի որ մենք դե ֆակտո արձանագրել ենք ու մի քանի տարիների ընթացքում կստանանք նաեւ իրավական ձեւակերպումը»,-ամփոփել է նա:

Հիշեցնենք, որ Կարնեգիի հիմնադրամում ելույթի ժամանակ ԵԱՀԿ ՄԽ ամերիկյան համանախագահ Ջեյմս Ուորլիքը ԼՂ խնդրի կարգավորման 6 տարր էր ներկայացրել: Դրանց շարքում առավել նշանակալի էր երրորդ կետը, որտեղ ասվում էր. «Լեռնային Ղարաբաղի շրջակա գրավյալ տարածքները պետք է Ադրբեջանի վերահսկողությանը վերադարձվեն: Ադրբեջանի ինքնիշխանության հանդեպ հարգանքի բացակայության պարագայում կարգավորում չի կարող լինել. այդ տարածքների նկատմամբ Ադրբեջանի ինքնիշխանությունը պետք է վերականգնվի»: Լեռնային Ղարաբաղի իշխանությունները Ուորլիքի առաջարկած տարբերակի դեմ խիստ հայտարարություններով էին հանդես եկել: