Սաուդիան Արաբիան փակել է Լիբիայում իր դեսպանատունը եւ երկրից տարհանում է հպատակներին:
Հաղորդվում է, որ Էր-Ռիյադը նման քայլի է դիմել Լիբիայում իրադրության կտրուկ սրացման պատճառով, որտեղ մայիսի 16-ից շարունակվում են զինվորականների եւ արմատական իսլամիստների միջեւ բախումները, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Sky News Arabia-ն:
Հիշեցնենք, խռովություններ էին սկսվել Բենգազիում` Լիբիայի «հունվարի 17-ի հեղափոխության» «օրրանում»: Նախօրեին դրանք հասել էին Տրիպոլի, որտեղ բանակի հրամանատարությունը հայտարարել էր Համընդհանուր ազգային կոնգրեսի (ՀԱԿ` ժամանակավոր խորհրդարան) աշխատանքը դադարեցնելու եւ «սահմանափակ» օրենսդրական գործառույթները փետրվարին ընտրված Սահմանադրական դաշինքին հանձնելու մասին:
Ավելի վաղ դիվանագետների տարհանման մասին էր հայտարարել Ալժիրը: Այդ երկրի ԶՈՒ-ն Լիբիայի սահմանին 45 հազարանոց զորքեր էր տեղակայել` գրոհայինների հնարավոր ներխուժումը կանխելու նպատակով:
Բացի դրանից, բարձր պատրաստականության վիճակում են նաեւ Լիբիայի մյուս հարեւան Եգիպտոսի զորքերը: Եգիպտոսի բանակը սահման է ուղարկել հավելյալ ստորաբաժանումներ` ուժեղացնելով սահմանները:




























