Ժամկետային զինծառայող Լյուքս Ստեփանյանի սպանության մեջ մեղադրվող Դավիթ Խաչատրյանը, որը մայիսի 8-ից կարել է բերանը, գտնվում է բժիշկների հսկողության տակ: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի վարչությունից:

«Բժիշկների հսկողություն տակ է գտնվում, վերքերն անընդհատ մշակվում են, փորձում են համոզել հետ կանգնել այդ քայլից, սակայն ապարդյուն»,- ասացին մամուլի ծառայությունից:

Նշենք, որ ամբաստանյալի փաստաբան Երեմ Սարգսյանը NEWS.am-ին ասել էր, որ իր պաշտպանն այնքան թույլ է, որ չի կարողանում ոտքի կանգնել: Դավիթ Խաչատրյանն այս կերպ իր բողոքն է արտահայտում մայիսի 8-ին մեղադրողի առաջարկած 18 տարվա ազատազրկման դատապարտելուն

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, 2013թ. մայիսի 15-ին, ժամը 15:30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահակախմբի մուտքի դիտորդ, ժամկետային զինծառայող, շարքային, 19-ամյա Դավիթ Ռաֆայելի Խաչատրյանն իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից կրակոց էր արձակել, ինչի հետեւանքով պահակախմբում ընդգրկված ժամկետային զինծառայող, շարքային Լյուքս Ստեփանյանը գլխի շրջանում ստացած հրազենային վիրավորումից տեղում մահացել էր, իսկ նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Հրաչյա Վաղինակի Սարգսյանը գլխի շրջանում ստացել էր հրազենային վիրավորում: Քրեական գործ էր հարուցվել 104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով եւ 112 հոդվածի 1-ին մասով: