«Վերնիսաժի» մոտ մայիսի 17-ին հնչած կրակոցների գործով ձերբակալված Գոռ Առաքելյանին այսօր՝ մայիսի 19-ին, այցելել է նրա փաստաբան Երեմ Սարգսյանը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց հենց փաստաբանը:

«Գոռ Առաքելյանին տեսել եմ, որոշակի խոսել եմ, սակայն նպատակահարմար չէ այս մասին հիմա խոսել, նախաքննական գաղտնիք է: Բացի դրանից՝ նոր եմ ներգրավվել գործում»,- ասաց փաստաբանը՝ հրաժարվելով այլ հարցերի պատասխանել:

Թե ինչ է տեղի ունեցել իրականում եւ ինչ է պատմել Գոռը փաստաբանին՝ Երեմ Սարգսյանը հրաժարվեց հայտնել:

Նշենք, որ Գոռ Առաքելյանը՝ «Յուվեցի Կարոյի» փեսան, ինքնակամ ոստիկանություն է ներկայացել մայիսի 18-ի երեկոյան: Նա ձերբակալված է:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մայիսի 17-ին, ժամը 13:30-ի սահմաններում «Վերնիսաժի» մոտ հնչել են կրակոցներ, կան 5 վիրավորներ, որոնց տեղափոխել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Ականատեսները NEWS.am-ին հայտնել էին, որ վիրավորվածների մեջ կան նաեւ պատահական անցորդներ, իսկ մինչեւ կրակոցը լսել են վեճի ձայներ, որից հետո հնչել է 7-8 կրակոց:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին մասի եւ 258 հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով: Նշանակվել են մի շարք փորձաքննություններ: