Հայաստանի Կենտրոնական Բանկը այսուհետ էլ մտադիր չէ պահուստային միջոցները ոսկու տեսքով պահել: Այս մասին մայիսի 19-ին խորհրդարանում հայտարարել է կառույցի նախագահ Արթուր Ջավադյանը: Նրա համոզմամբ, 2003թ. դեկտեմբերին ոսկու պահուստի վաճառքը ճիշտ քայլ էր, եւ ոսկու գնի` վերջին 1-2 տարիներին գրանցված դինամիկան դրա ապացույցն է հանդիսանում:
Հիշեցնենք, որ եթե 2011թ. հուլիս ամսին ոսկու մեկ ունցիայի գինը համաշխարհային բորսաներում 1920 դոլարի էր հասել, ապա ներկայումս մոտ 1290 է կազմում: «Հիմա պատկերացրեք` որքան նշանակալի կորուստներ կունենայինք մեր պահուստներում», - մեկնաբանել է Ջավադյանը:
Կենտրոնական Բանկի արժութային ակտիվները շարունակում են կայուն մնալ, իսկ 2013թ. վերջին Հայաստանի անկախության ողջ ընթացքի ամենաբարձր ցուցանիշին են հասել (շուրջ 2,25 մլրդ ԱՄՆ դոլար):
Հիշեցնենք` ժամանակին ոսկու պաշարների վաճառքը ընդդիմությանը ԿԲ-ին եւ կառավարությանը խիստ քննադատության ենթարկելու առիթ էր տվել («վաճառել են հանրապետության ոսկիները» կարգախոսքով): Այդուհանդերձ, այն ժամանակ էլ ոսկու տեսքով ակտիվների բաժինը փոքր էր (17,8 մլն ԱՄՆ դոլար) եւ Հայաստանի համախառն արտաքին պահուստների ընդամենը 4 տոկոսն էր կազմում:




























