Բալկանները ողողած ջրհեղեղի պատճառով կես միլիոն բոսնիացիներ լքել են իրենց տներն ու անվտանգ տարածքներ տարհանվել: Բոսնիայի ԱԳ նախարար Զլատո Լագումջիան հայտարարել է, որ 1992-95թթ. պատերազմից հետո երկիրն այսքան մեծաթիվ փախստականներ առաջին անգամ է տեսնում, BBC-ին վկայակոչելով հաղորդում է «Ռոսբալտ» գործակալությունը:
Բոսնիայի եւ Հերցոգովինայի շուրջ 4 մլն բնակչության քառորդ մասի մոտ մաքուր ջրի պակաս է զգացվում: Ավելի քան 100 հազար բնակելի տներ ավերվել են, մեծ վնաս է հասցվել երկրի ճանապարհային ենթակառույցներին:
Ջրհեղեղից գրեթե նույնքան հարեւան Սերբիան եւ Խորվաթիան են տուժել: Հստակ տվյալներ դեռեւս չկան, սակայն տուժածների թիվն այստեղ եւս հարյուր հազարների է հասնում:
Վերջին տվյալներով, Բալկանները ողողած տարերային աղետին առնվազն 40 մարդ է զոհ գնացել: Ենթադրվում է, որ զոհերի թիվը կարող է մի քանի անգամ ավելի շատ լինել, քանի որ փրկարարներին առայժմ չի հաջողվում հեռավոր բնակավայրերի հասանելիությունն ապահովել:





























