Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամները տարակարծություններ ունեն կառավարման համակարգի փոփոխության հարցում: Այս մասին մայիսի 20-ին հայտարարել է ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծի հանրային լսումների ընթացքում:
Ըստ նրա՝ Հանձնաժողովը կառավարման համակարգի փոփոխության հարցում վերջնական եզրակացության չի հանգել: ՍԴ նախագահը հայտարարել է, որ արձանագրվել են մի շարք խնդիրներ, որոնց լուծումը կառավարման գործող նախագահական համակարգում կարող է անարդյունավետ լինել: Այս կապակցությամբ, որպես խնդիրների այլընտրանքային լուծում, առաջարկվում է խորհրդարանական մոդելը:
Գագիկ Հարությունյանը նշել է, որ հանրային լսումների նպատակը այս հարցի վերաբերյալ հանրության կարծիքն իմանալն է: Հանրային լսումների արդյունքում համալրված սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագիծը հուլիսի 1-ին կներկայացվի պետության ղեկավարին:





























