Հայաստանի ԱԻՆ-ը մայիսի 20-ին, ժամը 11.14-ին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկություն է ստացել, որ առատ տեղումների պատճառով աշխատանքները դադարեցվել են: Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Հիշեցնենք, որ մայիսի 17-ին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկություն էր ստացվել, որ ժամը 09.20-ին Գվելեթի-Դարիալ (Ներքին Լարս) ավտոճանապարհի միջնամասում՝ Թերեք գետի ափին, տեղի է ունեցել փլվածք, որի չափերն են՝ 150 մ երկարություն, 60-70 մ լայնություն եւ 30-40 մ բարձրություն:

Ըստ նախնական տվյալների՝ հողազանգվածի տակ ավտոմեքենաներ են մնացել:

Վթարի արդյունքում վնասվել էր Ռուսաստանի Դաշնությունից Հայաստանի Հանրապետություն մտնող գազատար խողովակը:

Մայիսի 17-ին գազամատակարարումը դեպի Հայաստան դադարեցվել էր:

Մայիսի 18-ին, Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` աղետի գոտուց անվտանգ տարածք են տեղափոխվել Հայաստանի  11 քաղաքացիներ, որոնք չէին տուժել: