Ռուսաստանն ու Չինաստանը մտադիչ են փոխադարձ առեւտրի շրջանակում ընդլայնել ազգային արժույթներով ուղիղ հաշվարկների ծավալը: Այս մասին բարձրագույն մակարդակով անցկացված ռուս-չինական բանակցությունների արդյունքում ստորագրված` բազմակողմանի գործընկերության եւ ռազմավարական փոխգործակցության հարաբերությունների նոր էտապի մեկնարկի մասին համատեղ հայտարարության մեջ է ասվում:

«Կողմերը մտադիր են նոր քայլեր ձեռնարկել ռուս-չինական պրակտիկ համագործակցության մակարդակի բարձրացման եւ ոլորտների ընդլայնման ուղղությամբ, մասնավորապես` սերտ փոխգործակցություն ծավալել ֆինանսական ոլորտում` ներառյալ առետրային, ներդրումային եւ վարկավորման գործարքներում Ռուսաստանի եւ Չինաստանի ազգային արժույթներով ուղիղ հաշվարկների ծավալների ընդլանումը:

Հայտարարության մեջ նշվում է, որ երկու երկրները մտադիր են նաեւ մակրոտնտեսական քաղաքականությանը վերաբերող հարցերի շուրջ ընդլայնված երկխոսությամբ հանդես գալ, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Բացի այդ, Ռուսաստանը եւ Չինաստանը փոխադարձ կապիտալ ներդրումների, այդ թվում` տրանսպորտային ենթակառույցների, օգտակար հանածոների հանքավայրերի համատեղ շահագործման եւ Ռուսաստանի տարածքում էկոնոմ դասի բնակտարածքների շինարարության ոլորտում, աճ են խթանելու: