Ռուսաստանում դժգոհ են Արեւմուտքի եւ Միացյալ Նահանգների արձագանքից: Ըստ այդմ պահանջվում է հեռացնել ռուսական զորքերը Ուկրաինայի հետ սահմանամերձ շրջաններից: Զորքերի` սեփական տարածքում տեղակայման հարցը Ռուսաստանի ներքին գործն է, Bloomberg հեռուստաալիքին տված հարցազրույցին, որի սղագրությունը հրապարակվել է ՌԴ նախարարների խորհրդի կայքում, հայտարարել է երկրի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը:

«Մենք ընդհանրապես չպետք է ուշադրություն դարձնենք  արեւմտյան երկրների արձագանքին: Ի՞նչ առնչություն ունեն նրանք ՌԴ տարածքում զորքերի տեղակայման հարցին, եթե այդ ամենը գործող կանոնակարգի սահմաններում է իրականացվում», - հայտարարել է Մեդվեդեւը:

«Նրանք, ովքեր զորքերի տեղաշարժի դիտարկմամբ են զբաղվում, կարող են նաեւ համախատասխան տեղեկությունների ստացման համար մեզ դիմել… Բնականաբար, մենք տրամադրում ենք այդ կարգի տեղեկություններ, բայց եւս մեկ անգամ ցանկանում եմ ընդգծել, որ մեր ներքին գործն է, թե երբ եւ որտեղ ռազմական վարժանքներ կիրականացնենք», - նկատել է ՌԴ վարչապետը:

Ինչպես արդեն հաղորդվել է, մայիսի 20-ին Ռուսաստանի ԶՈւ` Ռոստովի, Բելգորոդի եւ Բրյանսկի մարզերում ռազմական ուսուցման պլանային համալիր միջոցառումներ իրականացնող զորամասերին ու ստորաբաժանումներին պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի` մշտական տեղակայման կետեր վերադառնալու հրահանգն է հանձնվել: