Մերձմոսկովյան շրջաններից մեկում բեռնատար եւ ուղեւորատար գնացքներ են միմյանց բախվել, ՌԴ ՆԳՆ տրանսպորտի կառավարման վարչության մամուլի ծառայությանը վկայակոչելով հաղորդում է ՌԻԱ-Նովոստին:
«Ժամը 12:38-ին Նարո-Ֆոմինսկի մոտ` Բեկասով-Նարա գծանցի վրա բեռնատար գնացքը Մոսկվա-Քիշնեւ չվերթով ընթացող գնացքին է բախվել: Միջադեպի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության աշխատակիցներ: Տուժածների մասին տվյալները ճշտվում են», - հայտարարել է գործակալության զրուցակիցը:
Ավելի ուշ հայտնի է դարձել, որ բախման արդյունքում երեք մարդ է մահացել:
«Հարվածը Մոսկվա-Քիշնեւ չվերթով ընթացող №341 գնացքի յոթերորդ վագոնի ուղղությամբ է եղել: Համաձայն նախնական տեղեկությունների, մահացել է երեք մարդ, տուժածների մասին տվյալները ճշտվում են», - հայտարարել է գործակալության մեկ այլ` այս անգամ արդեն` տեղական իրավապահ մարմինները ներկայացնող զրուցակից:
ՌԴ ՆԳՆ տրանսպորտի կառավարման վարչության մամուլի ծառայությունից հայտնում են, որ, համաձայն նախնական տեղեկությունների, ընդհարման արդյունքում գնացքի երկու վագոն է շրջվել, սակայն թե որ գնացքի մասին է խոսքը, եւս չի մեկնաբանվում:
Ոստիկանության տվյալներով, «կան զոհեր եւ վիրավորներ»:




























