Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մայիսի 20-ին հանդիպել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի մի խումբ ուսանողների հետ եւ պատասխանեց նրանց հետաքրքրող հարցերին:
Էդուարդ Շարմազանովը ուսանողների խնդրանքով անդրադարձել է Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքական զարգացումներին, պատասխանել երիտասարդության ազգային նկարագրին ու ձգտումներին առնչվող մի շարք հարցերի: Նա ներկայացրել է կուսակցությունների առաքելության մասին Նժդեհի գաղափարախոսությունը, կուսակցությունների դերի մեծացման իր պատկերացումները, անթույլատրելի համարեց կուսակցականացումն ու իշխանությունը նպատակ դարձնելը՝ դրանք որակելով ընդամենը միջոց, խոսեց ազգային արժեքների ճանաչողությամբ հայրենասիրական դաստիարակության կարեւորության մասին:
Անդրադառնալով Հայաստանի արտաքին քաղաքական գերակայություններին՝ նա կարեւորել է Ռուսաստանի հետ մեր երկրի ռազմավարական հարաբերությունների խորացումը, դրան զուգահեռ Եվրամիության հետ համագործակցության շարունակումն ու սերտացումը, իսկ հարեւան երկրների հետ՝ խաղաղ գոյակցության ու բարիդրացիական հարաբերությունների հաստատման ու զարգացման գործոնը:
Էդուարդ Շարմազանովը խոսել է նաեւ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանն ուղղված քայլերի, ազգային ու համամարդկային այդ ողբերգության վերաբերյալ երկակի ստանդարտների կիրառման անթույլատրելիության, մեր երկրի ազգային շահերից բխող հետեւողական ու նպատակասլաց քաղաքականության, այդ հարցում Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու՝ իր երկրի հզորացմանն ուղղված ակտիվ դերակատարության անհրաժեշտության մասին:




























