Վրաստանում հունիսի 15-ին ՏԻՄ ընտրություններ են նշանակված: Ջավախքի հայկական ՀԿ-ների խորհրդի համակարգող Արտակ Գաբրիելյանի խոսքով՝ «Ջավախահայերը դեռ ակնկալիքներ ունեն իշխող «Վրացական երազանք» կոալիցիայից», հայտնում է Վրաստանի հայ համայնքի «Միության» թերթը:
Ըստ Գաբրիելյանի՝ դեռեւս 2012-ի հոկտեմբերին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո իշխող կոալիցիայի նախընտրական խոստումները հույսեր ներշնչեցին, որ առկա խնդիրների մեծամասնությունը լուծում կստանա:
«Երկու տարի առաջ «Վրացական երազանքը» կարողացավ հաղթել ընտրություններում եւ իշխանափոխություն իրականացնել Վրաստանում: Կոալիցիայի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին Ախալքալաք այցի ժամանակ խոստացավ լուծել ամենաշատ անհանգստություն պատճառող հարցերից մեկը՝ տարածաշրջանում հայոց լեզվի կարգավիճակի խնդիրը: Կոալիցիան նաեւ իր նախընտրական ծրագրում ընդգրկել էր հայ-վրացական համալսարան բացելու կետը եւ այլն», -ասաց Գաբրիելյանը՝ հավելելով, որ դեռեւս չկա կոնկրետ հարց, որի շուրջ ի նպաստ Սամցխե-Ջավախքի որոշում կայացված լինի:
«Չնայած որ խնդիրների մեծամասնությունն այդպես էլ լուծում չստացավ, բնակչությունը շարունակում է հուսալ, որ իշխող կոալիցիա այնուամենայնիվ կկատարի նախընտրական խոստումները», - հայտարարել է Գաբրիելյանը:




























