Վրաստանում նախընտրական իրավիճակն այսօր խիստ տարբերվում է տեղական ինքնակառավարման մարմինների նախորդ ընտրությունների իրավիճակից: Այս մասին հայտարարել է Ջավախքի հայկական ՀԿ-ների խորհրդի համակարգող Արտակ Գաբրիելյանը՝ խոսելով Վրաստանում հունիսի 15-ին նշանակված ՏԻՄ ընտրությունների մասին, փոխանցում է Վրաստանի հայ համայնքի «Միության» թերթը:

 «Իրավիճակն այնպիսին չէ, ինչպես Սահակաշվիլիի «Միասնական ազգային շարժման» ժամանակ, երբ ժողովուրդն ատում էր այդ կուսակցությունը:  Սամցխե-Ջավախքում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում պայքարը ոչ խորհրդարանական կուսակցությունների «Ազատ Վրաստան» դաշինքի եւ իշխող «Վրացական երազանք» կոալիցիայի միջեւ կծավալվի:

Եթե ընտրություններն ազատ եւ թափանցիկ անցնեն, նշված քաղաքական ուժերի շանսերը 50-50 են գնահատվում: «Համենայն դեպս` առավելությունները չեն կարող նշանակալի լինել»,  - նշել է Գաբրիելյանը:

Նրա խոսքով, հայաբնակ Նինոծմինդա, Ախալքալաք եւ Ծալկա բնակավայրերից, բնականաբար, հայ թեկնածուներ են առաջադրվել, եւ համամասնական ցուցակում էլ, հիմնականում, հայեր են:

Արտակ Գաբրիելյանը հայտնել է, որ Ախալքալաքում 6 վրացաբնակ գյուղեր կան, որոնք կարող են պատգամավոր ներկայացնել: «Իհարկե` այստեղ որոշակի խտրականություն կա, քանի որ եւ 50 ընտրող ունեցող վրացաբնակ գյուղերը, եւ Ախալքալաք քաղաքը, որ 5000 ընտրող ունի, կարող են մեկաան պատգամավոր ներկայացնել: 

Վրացիները ռեգիոնում բնակչության երեք տոկոսն են կազմում, սակայն տարածքային մարմնում` Ախալքալաքի  Սակրեբուլոյում, նրանց 30 տոկոս տեղ է հատկացված», -ամփոփել է նա: