Թող բիզնեսը չվախենա ֆինանսների սուպերնախարարությունից , մայիսի 20-ին խորհրդարանում լրագրողներին ասել է ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը՝ պատասխանելով գործարարների անանուն բողոքների մասին դիտողությանը:
«Մենք արդեն շատ բան ենք արել, եւ արտասահմանից գալիս են մեր փորձը ուսումնասիրելու: Զինվեք համբերությամբ եւ կտեսնեք, որ մենք դա կանենք: Մենք դեռ շատ կարեւոր եւ լավ բաներ ենք անելու»,- վստահեցրել է պաշտոնյան:
Խորհրդարանի այսօրվա նիստում ՀԱԿ խմբակցության նախագահ Լեւոն Զուրաբյանը հայտարարել էր նոր կառավարությունում Գագիկ Խաչատրյանի նման խոշոր գործարարների ներկայության աննպատակահարմարության մասին:
«Եթե Լեւոն Զուրաբյանի պես քաղաքական ուղի անցած մարդն ի վիճակի չէ ստուգել տեղեկատվությունը եւ վստահում է լրատվամիջոցների բոլոր լուրերին, ապա ես ասելու ոչինչ չունեմ: Միայն կարող եմ ասել, որ իմ պաշտոնը բիզնեսի համար չէ», - նշել է Խաչատրյանը:
Հիշեցնենք, որ ապրիլի վերջին ՀՀ Պետեկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը նշանակվել էր ֆինանսների նախարար:





























