Խմելու եւ ոռոգման ջրերը չպետք է Հայաստանից աննպատակ Կասպից ծով հոսեն: Այս մասին մայիսի 20-ին, խորհրարանում կառավարության նոր ծրագիրը ներկայացնելիս, վարչապետ Հովիկ Աբրահամյանն է ասել: Նա նշել է, որ ջրամբարների կառուցումը նախարարների նոր կաբինետի առաջնայնություններից մեկն է լինելու:
Հայաստանը տարեկան ավելի քան 7 մլրդ խ.մ. խմելու եւ ոռոգման ջուր է ստանում, որից ընդամենը 2,3 մլրդ խ.մ. է օգտագործվում: «Մնացածը Կասպից ծով է հոսում: Մենք պետք է բազմաթիվ ջրամբարներ կառուցենք. դա չափազանց կարեւոր է մեր ապագայի համար: Ասվածի նշանակությունը այս գարնանը գրանցված չոր եղանակի օրինակով կարելի է տեսնել», - նկատել է վարչապետը:
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ առաջիկա տարիներին կառավարությունը մտադիր է չորս` Եղվարդի, Վեդիի, Կապի եւ Մաստարայի ջրամբարների կառուցումն ավարտին հասցնել, ինչի արդյունքում հնարավոր կլինի 145-180 մլրդ խ.մ. ոռոգման ջուր կուտակել: Այդ նպատակին 250 մլն ԱՄՆ դոլար կուղղվի, այդ թվում նաեւ` արտասահմանյան վարկային ծրագրերի հաշվին: «Արդյունքում ոռոգման սեզոնին Սեւանա լճի բեռնվածությունը կարող ենք նվազեցնել», - ամփոփել է վարչապետը:




























