Հենց հայ փախստականների հիմնախնդիրը հետաձգելու կամ մոռացության մատնելու պատրաստակամությունն է, որ Արցախի դռները բացում է ադրբեջանցիների առջեւ եւ թույլ է տալիս համանախագահներին ու Ադրբեջանի ղեկավարությանը խոսել այս խնդրի առաջնահերթության մասին: Այս մասին, յսօր՝ մայիսի 20-ին, Facebook-ի իր էջում գրել է ԼՂՀ ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանը:
Անդրադառնալով փախստականների վերադարձի խնդրին, նա, մասնավորապես, գրել է. «Խոսքը վերաբերում է փախստականների հիմնախնդիրը խաղաղ կարգավորման գործընթացի օրակարգի շրջանակներից դուրս թողնելու եւ դրան, փաստորեն, միայն խաղաղության պայմանագիրը ստորագրելուց հետո անդրադառնալու պահանջին: Մի կողմ թողնենք այն, որ այդ պահանջը ՀՀ Արտգործնախարարության կողմից փախստականների հարցում որդեգրած պաշտոնական մոտեցումների պարզունակ կրկնությունն է՝ շատ ավելի կարեւոր է այն, որ փախստականների հիմնախնդրի իրական նշանակությունը հայկական շահերի առաջմղման տեսանկյունից, համարժեք կերպով չի ընկալվում նաեւ հանրային մակարդակում:
Փաստորեն, կարելի է ասել, որ փախստականների խնդիրն Արցախում եւ Հայաստանում դիտարկվում է միայն հարյուր հազարավոր ադրբեջանցիների Արցախում հաստատվելու հեռանկարը հնարավորինս հետաձգելու կամ կանխելու համատեքստում»
Նրա խոսքով՝ հենց այստեղ է, որ հայկական կողմերն ընկնում են արատավոր շրջանի մեջ՝ հանուն այն բանի, որ թույլ չտրվի ադրբեջանցիների մուտքն Արցախ, նրանք պատրաստ են մոռացության մատնել ավելի քան կես միլիոն հայ փախստականների ոտնահարված շահերն ու իրավունքները պաշտպանելու անհրաժեշտություն:
«Այսինքն՝ անտեսել Արցախի բնակչության քանակը առնվազն եռակի գերազանցող հայրենակիցներին: Զավեշտն այն է, որ հայկական կողմերի՝ հենց հայ փախստականների հիմնախնդիրը հետաձգելու կամ մոռացության մատնելու պատրաստակամությունն է, որ Արցախի դռները բացում է ադրբեջանցիների առջեւ եւ թույլ է տալիս համանախագահներին ու Ադրբեջանի ղեկավարությանը խոսել այս խնդրի առաջնահերթության մասին:
Այն ժամանակ, երբ Հայաստանը համարժեքորեն կբարձրացնի հայ փախստականների օրինական շահերի եւ իրավունքների լիարժեք ապահովման անհրաժեշտության պահանջը, մենք կազատվենք ադրբեջանցի փախստականների վերադարձի կարեւորության մասին խոսակցություններից եւ անհարկի քաղաքական ճնշումներից»,-ասել է Մելիքյանը:
Նրա ներկայացմամբ՝ գոյություն ունի այն բանաձեւը, որի կիրառումը թույլ կտա արժանապատիվ խաղաղություն հաստատել եւ լուծել նաեւ տարածքային խնդիրները՝ բոլոր փախստականների շահերը հաշվի առնելու միջոցով: «Այդ բանաձեւը երբեւէ չի բարձրաձայնվել, քանի որ ոչ կողմերի իշխանությունները, ոչ էլ համանախագահները չէին ցանկանում շեղվել խնդիրը տարածքներ հանձնելու միջոցով լուծելու հեշտ թվացող ճանապարհից»,-ասել է նա:
Այժմ, աշխարհաքաղաքական իրողությունների արմատական փոփոխության շրջանում հարցի հանդեպ վերաբերմունքը կարող է եւ պետք է փոխվի:





























