Սպանված ադրբեջանցի զինվոր Օրհան Ալիեւի հայր Շիրազի Ալիեւը պնդում է, որ որդուն սպանել են ներքին օրգանները վաճառելու նպատակով: Ինչպես հաղորդում է «haqqin.az»-ը, այդ մասին նա հայտարարել է Լրագրողների ազատության եւ անվտանգության ինստիտուտում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ՝ մեկնաբանելով Օրհան Ալիեւի մահվան առթիվ քրեական գործի փակումը:
Օրհանը սպանվել է 2013թ.-ի դեկտեմբերի 10-ի լույս 11-ի գիշերը: «Սպանությունից 10 րոպե առաջ նա հեռախոսով խոսել է եղբոր՝ Ռովշանի հետ»,- ասել է զոհված զինվորի հայրը:
Օրհան Ալիեւի խոսքով՝ որդու մարմինը զորամասի հրամանատար Նասիբ Ռամազանովի հրամանով անմիջապես դիահերձարան են տեղափոխել եւ դարձյալ նրա հրամանով անմիջապես հեռացրել են ներքին օրգանները: Զինվորի հայրն ուշադրությունը հրավիրում է պատմության մութ կողմերի վրա: «Օրհանի զինակիցները միաձայն պնդում են, որ սպանության պահին նա քնած է եղել: Բայց երբ ապացուցեցինք, որ մահից 10 րոպե առաջ հեռախոսով խոսել է եղբոր հետ, նրանք փոխեցին ցուցմունքները, եւ կեղծ վկայության համար ոչ ոք չպատժվեց»,- ասել է նա:
Շիրազի Ալիեւը վստահ է, որ որդու սպանությանը նախօրոք են նախապատրաստվել: «Որդիս միանգամայն առողջ էր: Չէր ծխում, չէր խմում: Ուստի հենց նրան են ընտրել»,- ասել է նա:
Շիրազի Ալիեւը նաեւ նշել է, որ հանդիպել է որդու զինակիցների հետ, ովքեր խոստովանել են, որ ստիպված են եղել սուտ վկայություն տալ:
Նրա խոսքով՝ դիմել է գրեթե բոլոր ատյաններին, բոլորը խոստացել են հետաքննել գործը: Սակայն շուտով հաղորդել են, որ գործը փակված է:





























