ԱՄՆ դաշնային դատարանը չեղյալ է հայտարարել Փենսիլվանիա նահանգում նույնասեռ ամուսնությունները գրանցելու արգելքը՝ հայտարարելով այն հակասահմանադրական: Երկու օր առաջ նման որոշում է կայացվել նաեւ Օրեգոն նահանգի համար:
Փենսիլվանիայի հետ միասին արդեն 19 նահանգներում նույնասեռ զույգերը կարող են ազատորեն գրանցել իրենց ամուսնությունը, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Նախորդ շաբաթ նույնասեռ ամուսնություններ են գրանցվել Արքանզաս նահանգում, սակայն հետո այդ նահանգի Գերագույն դատարանը կրկին ժամանակավորապես դադարեցրել է թույլտվությունը:
Իրավապաշտպանները համարում են, որ Փենսիլվանիայում նույնասեռ ամուսնությունների հակառակորդները կարող են դիմել վերաքննիչ դատարան, ուստի շատ նույնասեռ զույգեր շտապել են անմիջապես գրանցել իրենց հարաբերությունները, նախքան հնարավոր խոչընդոտների ի հայտ գալը:





























