Հալեպի հայաբնակ Նոր Գյուղ թաղամասի ուղղությամբ մայիսի 17-ին տեղի ունեցած հրթիռային հրետակոծության արդյունքում վիրավորված հայուհին մահացել է: Ինչպես Սիրիայում լույս տեսնող «Գանձասար» հայկական թերթն է հաղորդում, զոհված Նվարդ Մարգեյանի որդին` Հարութ Մարգեյանը եւս մահացել է: Նրա անկենդան մարմինը մայիսի 18-ին` սեփական տան ավերակների տակ է հայտնաբերվել:
Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ Հալեպի հայաբնակ թաղամասերի հրթիռային հրետակոծության արդյունքում 5 հայ է վիրավորվել` Ալիս Բոյաջյանը, Հայկանուշ Միրզոյանը, Դալար Միրզոյանը, Նվարդ Մարգեյանը եւ Անդրանիկ Մալաքյանը:
Նշենք, որ Սիրիայում, նախքան արյունահետ իրադարձությունները, 60-70 հազար հայ էր բնակվում: Նրանց կեսից ավելին Հալեպի բնակիչներ էին, իսկ մնացածները Լաթաքիայում, Հոմսում, Քամըշլիում, Հասաքեում, Յակուբիեում, Ռաքքայում, Քեսաբում եւ իհարկե` մայրաքաղաք Դամասկոսում էին բնակվում:




























