Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Բադեյանը համոզված է, որ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը «հանցագործ չէ» եւ իրավունք ունի իր թեկնածուն ունենալ Գորիսում հունիսի ութին կայանալիք քաղաքապետի ընտրություններին: Այս մասին այսօր` մայիսի 21-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀԿ-ական պատգամավորը:
«Ինչի՞ չպետք է մնա Սուրիկ Խաչատրյանի թեկնածուն: Դուք չէ, որ կարծիք պիտի հայտնեք: Սուրիկ Խաչատրյանը օդիոս ֆիգուր է, բայց նա հանցագործ չէ, նրան դատարանը մեղավոր չի ճանաչել: Քանի որ ինքը Սուրիկ Խաչատրյանն է, դրա համար են մարդիկ այսպես արտահայտվում, բայց նորից եմ ասում, որ նա իրավունք ունի իր թեկնածուին առաջադրել ընտրությունների ժամանակ: Ինչ վերաբերվում է թե Գորիսում վախի մթնոլորտ կա, չկա նման բան»,- բորբոքված ասաց Բադեյանը` ամեն կերպ փորձելով պաշտպանել նախկին մարզպետին:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ թեկնածուները չորսն են. Արա Բուդաղյանը, որը Գորիսի «Վարարակն» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենն է, Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ տեղի ունեցած միջադեպի հետեւանքով մահացած Ավետիք Բուդաղյանի եւ վիրավորված ՊՆ գնդապետ Արտակ Բուդաղյանի եղբայրն է, Տիգրան Կարապետյանը, որը Գորիսի «ԳԱՄՄԱ» ընկերության տնօրենն է, Հրայր Յոլյանը, որը գործարար է, եւ վերջապես Վաչագան Ադունցը, որը «Հայջրմուղկոյուղի» ընկերության Գորիսի տեղամասի պետն է: Մայիսի 20-ին, Բուդաղյանն ու Կարապետյանը ինքնաբացարկ ներկայացրին:





























